воскресенье, 14 апреля 2019 г.

Նուբարյան գերդաստանը Եգիպտոսում. Քաղաքական նշանավոր գործիչներից մինչ խոշոր բարեգործներ

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր…
Հաստատվելով Եգիպտոսում` Նուբար Նուբարյանը, ունենալով փայլուն կրթություն եւ հասարակական գործչի ի վերուստ տրված տաղանդ, կարողանում է Եգիպտոսում հեղինակություն ձեռք բերել՝ այդ երկրի համար խառնակ ժամանակաշրջանում (Անգլիայի եւ Ֆրանսիայի մրցակցությունը Եգիպտոսի համար, համաժողովրդական պայքար օտար զավթիչների դեմ) դառնալով երկրի առաջին վարչապետը, այնուհետեւ եւս երկու անգամ վարելով այդ պաշտոնը, մինչդեռ Նուբար փաշայի եղբայրը՝ Առաքել Նուբարյանը զբաղեցնում էր առեւտրի նախարարի, այնուհետեւ՝ Սուդանի կառավարչի պաշտոնները: Եգիպտոսի հասարակական քաղաքական կյանքում ունեցած ներդրման համար 1904թ. Ալեքսանդրիայում կանգնեցվել է Նուբար փաշայի արձանը, նրա
անվամբ փողոցներ կան Կահիրեյում եւ Ալեքսանդրայում:


Եգիպտոսի հայ համայնքի ոսկեդարը
Նուբարյան գերդաստանի նախահայրը 18-րդ դարի հայ զորապետ Նուբար Մելիքյանն է, ով մասնակցելով Դավիթ Բեկի ապստամբությանը` հետագայում տեղափոխվել է Զմյուռնիա: Այնուհետեւ նրա որդին` Մկրտիչը, հաստատվելով Կոստանդնուպոլսում, ամուսնացել է Եգիպտոսի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ: Նրանց ամուսնությունից ծնված զավակներն էլ պապի անունով ստացել են Նուբարյան ազգանունը:
Պողոս Նուբար փաշա՝ գյուտարար, հասարակական խոշոր գործիչ
Հայ ժողովրդին իր բարեգործություններով եւ հայապահպանության գործում նշանակալի ավանդով առավել հայտնի է Նուբար փաշայի որդին՝ Պողոս Նուբար փաշան, ով Եվրոպայում ստանալով փայլուն կրթություն՝ շուտով դառնում է Եգիպտոսի ընհանուր երկաթուղիների տնօրենը՝ հիմնելով Ալեքսանդրիայի հանրակառքերի եւ Մենզելեի հողերի շահագործման, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունները:Պողոս Նուբար փաշան նաեւ գյուտարար էր, մասնավորապես, 1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի եւ պարգեւատրվել “Պատվո լեգեոնի” շքանշանով:Պողոս Նուբարը շարունակում է հոր՝ հանուն հայ ժողովրդի բարօրության իրականացվող քաղաքական գործունեությունը, մասնավորապես՝ 1920թ. Փարիզի վեհաժողովում (որը առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներն ամրագրելու նպատակ ուներ) դառնալով հայ ազգային պատվիրակության ղեկավար: Սակայն Պողոս Նուբարի` հայ ժողովրդին մատուցած թերեւս ամենանշանակալի ծառայությունը 1906թ. Կահիրեում Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնումն էր, որը ցայսօր ծառայում է հայ ժողովրդին:

Комментариев нет:

Отправить комментарий