суббота, 4 апреля 2020 г.

Ուսումնական փետրվար

Արտագրե՛լ և կետադրե՛լ։ 
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է` ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել. երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները` շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում` կիսավեր գմբեթի վրա, կսեղմվեն իրար` ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել` կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում` պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա, աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար. իրենց ամենօրյա տեղերում էին թե’ հսկիչները, թե’ հասարակությունը, թե’ նապաստակը և թե’ աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Комментариев нет:

Отправить комментарий